Armenisch


JÜRGEN JANKOFSKY

Յուրգեն Յանկոֆսկին

 

Աննա Հուդ

 

 

Առաջին

 

Անարդար է, - գոչեց Աննան, - ստո՛ր է, որքա՛ն ստոր:

Հեռուստացույցով ցույց էին տալիս, թե ինչպես է մի փախստական, ջրի միջով շրփացնելով, դուրս գալիս ծովից: Նա գրկած տանում է մի երեխայի՝ մի մահացած երեխայի: Զգուշորեն, գրեթե նրբորեն նա դնում է երեխային ծովափին, ծնկի է գալիս, սևեռուն նայում երկինք: Լողազգեստով զբոսաշրջիկներն ու երեխաները մոտ են գալիս, սևեռուն նայում: Ո՛չ, սա կինոնկար չէ, լուրերն են, ամեն ինչ իրական, ամեն ինչ տեղի է ունենում այս պահին:

Աննան ձեռքերը սեղմեց աչքերին ու թափահարեց գլուխը: Բայց պատկերները չանհետացան: Ծովում շարունակում էին առաջանալ այլ փախստականեր: Իսկ հորիզոնում խորտակվեց ևս մեկ նավակ:

Իհարկե, նա առաջին անգամ չէր տեսնում նման պատկերներ, բայց այսօր դրանք իր համար պարզապես չափազանց էին:

Լուրերի հաղորդավարն ասաց. «Կարող եք նվիրատվություն կատարել ցանկացած ժամանակ, եթե ցանկանում եք օգնել»:

Աննան վազեց մանկական սենյակ ու վերցրեց իր խոզուկ-խնայատուփը: Երեկ տատիկն ու պապիկը արձակուրդի համար շռայլորեն գումար էին գցել դրա մեջ:

Բարի՛ ճանապար: Ուրա՛խ ժամանց:

Սակայն նա չէր կարող պատկերացնել, որ ինքը մայրիկի ու հայրիկի հետ արմավենիների տակ պառկած է ու տեղի է ունենում այն, ինչ նա հեռուստացույցով տեսնում է… Ո՛չ: Խնդրում եմ՝ ո՛չ:

Նա խոզուկ-խնայատուփը բարձրացրեց գլխից վեր ու – շրխկ: Այն զմփաց հատակին: Մետաղադրամները գլորվեցին այս ու այն կողմ:

Այստեղ ի՞նչ է կատարվում, - մայրիկը վազելով եկավ խոհանոցից: - Ի՞նչ ես անում:

Ես ուզում եմ նվիրատվություն անել, - ասաց Աննան ու ցույց տվեց հեռուստացույցը: - Կօգնե՞ս ինձ:

Այո, բայց …

Ստոր է, - ասաց Աննան, - պառկել արևի տակ այնտեղ, որտեղ մյուսները մահանում են. դրան պիտի վե՛րջ դրվի, վերջապես վե՛րջ դրվի:     

 

 

Երկրորդ

 

Ռոբինը ձեռքի ափով հարվածեց մաստակի ավտոմատ սարքին:

Անիծված, - հայհոյեց նա: - Դեռ որքա՞ն փող պիտի գցեմ: Ինչու՞ ոչ մի բան դուրս չի գալիս:

Աննան հետևում էր, թե ինչպես է Ռոբինը իր տաբատի գրպանները փորփրում: Սակայն մինչ նա ևս մեկ մետաղադրամ կգցեր ավտոմատ սարքի մեջ, Աննան բացականչեց.

Սպասի՛ր:

Դասարանի մնացած բոլոր երեխաներին Աննան արդեն հարցրել էր, թե արդյոք նրանք նույնպես ինչ-որ բան կանեն աշխարհում ավելի շատ արդարություն հաստատելու համար, ինչ-որ բան կարիքի, աղքատության, ցավի դեմ: Բայց բոլորը ունեին պատրվակ. ոմանք մոռացել էին իրենց դրամապանակը, իսկ ոմանք ժամանակ չունեին, շտապ ինչ-որ սովորելու բան ունեին, ոմանք էլ իրենց ծնողներին պիտի հարցնեին, իսկ մյուսներն էլ պնդում էին, որ վաղը ինչ-որ բան կանեն, հավանաբար:

Ռոբինը հետաքրքասեր հայացքով հետևում էր լավաշանման մաստակին, որը Աննան որսաց գրպանից, և որը չնայած մի փոքր կեղտոտ էր, բայց ամեն դեպքում մաստակ էր: Ու համբերատարությամբ ուշադիր լսում էր, թե Աննան իրեն ինչ էր պատմում հեռուստացույցով նման սարսափելի տեսարանների անտանելիության ու նման բաների մասին: Ու վերջում իսկապես Ռոբինը ավելացրեց իր մետաղադրամը Աննայի նվիրատվության մետաղադրամներին:

 

 

Երրորդ

 

Աննան նվիրաբերեց նաև այն գումարը, որը հայրը նվիրել էր նրան մաթեմատիկայի դժվարին աշխատանքից մեկ[1] ստանալու համար: Եվ նա խնդրեց մորեղբայներին ու հորեղբայրներին, մորաքույրներին ու հորաքույրներին, զարմիկներին ու զարմուհիներին, հարևաներին, նույնիսկ ուսուցիչներին ու պարզապես փողոցում հանդիպող օտար մարդկանց իր օրինակին հետևել:

Այնուամենայնիվ, այդ պատկերները, այդ սարսափելի տեսարանները շարունակում էին մնալ լուրերում: Այո, թվում էր՝ դրանք օր օրի ավելանում են, ոչ թե պակասում, ու այդ պատկերները, այդ տեսարանները ավելի սարսափազդու էին դառնում՝ ավելի ու ավելի շատ խորտակվող նավեր, ավելի ու ավելի շատ մահացածներ, տեսարաններ դիտելու սիրահար ավելի ու ավելի շատ մարդիկ:

 

 

Չորրորդ

 

Ռոբինը Աննային հարցրեց, թե արդյոք նա գիտի, որ ինքը մի հայտնի, աշխարհահռչակ անվանակից ունի.

Մշտապես կանաչ հագած, դիպուկ իր նետ ու աղեղով, մի հերոս՝ քաջ ու խելացի, ով հարուստներից փող է շորթում աղքատներին տալու համար…

Ռոբին Հու՞դը:

Այո, - հաստատեց Ռոբինը:

 

 

Հինգերորդ

 

Աննան մտորում էր:

Կարծում ես, - հարցրեց նա վերջապես, - որ եթե հարուստները այսօր աղքատների համար այնքան գումար տային, որ նրանք առնվազն ուտելու և խմելու բան ունենային, դրպոց գնալ ու ապա աշխատանք գտնել,  խաղաղության մեջ ապրել կարողանային, այլևս ոչ ոք փախստական չէ՞ր դառնա:

Չգիտեմ, - ասաց Ռոբինը:

Աղքատները չէի՞ն լքի իրենց հայրենիքը հարուստ երկրներ հասնելու համար՝ վտանգելով իրենց ծովի վրայով, անապատի միջով, լեռներով ու փշալարերով պատված սահմաններով անցնելով:

Չգիտեմ, - ասաց Ռոբինը:

Որտե՞ղ կարող եմ աղեղից կրակել սովորել, - հարցրեց Աննան:

Չգիտեմ, - ասաց Ռոբինը:

 

 

Վեցերորդ

 

Ռոբինը հետևում էր, թե ինչպես է Աննան օր օրի իր արտաքինը փոխում. սկզբում նա հայտնվեց մազերի մեջ մի շարք կանաչ երանգով, ապա կանաչ ներկած եղունգներով, ապա դրան ավելացրեց կանաչ սվիտեր, ապա նաև կանաչ կիսաշրջազգեստ ու կանաչ կոշիկներ, և ի վերջո նա եկավ կանաչ ներկած շուրթերով ու կանաչ ստվերաներկով, կանաչ ժամացույցով, կանաչ խուրջինով, ինչպես նաև կանաչ թևնոցներով, վզնոցներով և մատանիներով:

Հա, ու որքան նա կանաչում էր, այնքան ավելի ինքնամփոփ էր դառնում, թվում էր՝ հավերժ խորհում է, չէր ծիծաղում, խուսափում էր մյուսներից, գրեթե չէր խոսում Ռոբինի հետ:

Թերևս նա չնկատեր, որ Ռոբինը սկսել էր բեյսբոլի կանաչ գլխարկով դպրոց գալ, եթե ուսուցիչները մշտապես նրանից չպահանջեին այդ կանաչ իրը գոնե դասի ժամանակ գլխից հանել:

Կանաչը քեզ սազում է, - ասաց Աննան:

Քեզ նույնպես, - պատասխանեց Ռոբինը:

Երկուսն էլ քթի տակ ծիծաղեցին:

Ռոբին Հուդը միշտ ուրախ էր, - ասաց Ռոբինը, - շփվող, միշտ լավ տրամադրություն ուներ:

Որտեղի՞ց գիտես:

Ես մի փոքր ուսումնասիրել եմ համացանցում ու տենց էլի:

Լավ, - ասաց Աննան, - իսկ հետո՞:

Միայնակ Ռոբին Հուդը չէր կարողանա ոչնչի հասնել, բացարձակ ոչնչի, առանց իր հավատարիմների, առանց իր հրոսակախմբի նա երբեք ոսկի չէր խլի, չէր կարողանա արդարության համար հոգալ, ո՛չ, երբե՛ք:

Հըմ, - Աննան մտքերի մեջ ընկավ, - կարծու՞մ ես…

Իհարկե՛, - ասաց Ռոբինը:

Դե ուրեմն, - ասաց Աննան ու Ռոբինին մեկնեց մի կանաչ մատանի, - բարի՛ գալուստ Աննա Հուդի հրոսակախումբ:

 

 

Յոթերորդ

 

Երբ Աննան ինքը հետազոտեց համացանցը, հայտնաբերեց, որ Ռոբին Հուդին ու նրա հավատարիմներին անվանում էին անօրեններ: Իսկ անօրենների օրենքն էր համարվում վերցնել հարուստներից աղքատներին տալու համար:

Ապա նա գտավ, որ Ռոբին Հուդը հարուստներից հիմնականում իրենց ոսկու, փողի կամ զարդերի միայն կեսն էր վերցրում, որ նրանք, Աստված մի արասցե, հանկարծ չաղքատանան:

Ու վերջապես նա կարդաց, որ հարյուրամյակներ առաջ Անգլիայում Ռոբին Հուդի խաղեր էին անցկացվում, որի ժամամանակ երգում ու պարում էին, արտասանում, ծամածռություն ու ձեռնածություն անում, հավասարակշռությունը պահելու խաղեր խաղում ու աճպարարություն անում, իսկ վերջում հարուստները ինքնակամ շռայլորեն գումար էին տալիս աղքատների համար: Ռոբին Հուդի խաղերը տեղի էին ունենում Ռոբին Հուդի օրը՝ մշտապես մայիսի 1-ին:

 

 

Ութերորդ

 

Հրաշալի է, - գոչեց Ռոբինը, - այսօր մայիսի մեկն է, արի՛:

Բայց ու՞ր ես ուզում գնալ:

Այնտեղ, ուր միշտ պիտի գնան բոլոր հարուստները, որտեղ փողն է՝ բա՛նկ:

Նա բռնեց Աննայի ձեռքը ու սլացավ քաղաքի միջով: Բանկի դիմաց՝ մի կողմում արդեն իսկ կանգնած էին տարեց տղամարդիկ ու կանայք կարմիր դրոշներով ու կարմիր տրանսպարանտներով և սուլում էին ականջ ծակող զիլ սուլիչներով: Իսկ մյուս կողմում կանգնած էին մի փոքր ավելի երիտասարդ տղամարդիկ ու կանայք սև դրոշներով ու սև տրանսպարանտներով և փորձում էին սուլողների վրա բղավել, իսկ նրանց միջև կանգնած էին ոստիկանները: Ու երբ բոլորը շունչ քաշեցին, բեմից մի տարեց խոսնակ խոսեց փողի ուժի մասին, որը պիտի հաղթահարեն բոլոր երկների բանվորները, աշխատավորները, ու կմկմալով թղթից կարդաց ևս մի քանի նախադասություն, որոնք Աննան ու Ռոբինը չհասկացան, որքան էլ որ ցանկանային:

Սակայն մինչ նրանք կկարողանային երգել կամ պարել, արտասանել, ծամածռություններ ու ձեռնածություն անել, հավասարակշռությունը պահելու խաղեր խաղալ կամ աճպարարություն անել, նրանց կոպտորեն վռնդեցին:

Այստեղ խաղեր չե՛ն խաղում:

Այստեղ մայիսի մե՛կն է նշվում՝ աշխատավորների պայքարի օրը:     

Հասկացա՞նք:

 

 

Իններորդ

 

«Ուշադրությու՛ն: Երեխանե՛ր», - գրեց Աննան համացանցում: - «ո՞վ է անարդարության դեմ: Ո՞վ է կողմ անօրենների օրենքին: Մենք հիմնել ենք Աննա Հուդի հրոսակախումբը: Մասնակցո՞ւմ եք: Ձա՛յն հանեք»:

 

 

Տասներորդ

 

Կարճ ժամանակ անց Աննան համացանցային գրանցումներ ստացավ ամբողջ աշխարհից:

Սկզբում արձագանքեց Օտտոն:

Ես ձեզ հե՛տ եմ:

Ապա Ահմեդը, Արմենը, Ամոն, Սովանին ու Ակիրան:

Մարիան ուզում էր իմանալ, թե արդյոք Աննայի հաղորդագրությունը կարող է թարգմանել մեկ այլ լեզվով:

Իհարկե՛:

Սվետլանան ուզում էր իմանալ՝ կարող է ինքը Աննայի հաղորդագրությունը մյուս երեխաներին փոխանցել:

Իհարկե՛:

Իհարկե՛:

Ինդիրան ուզում էր իմանալ, թե արդյոք թարգմանված հաղորդագրությունը կարելի է թարգմանել այլ լեզուներով ու տարածել:

Իհարկե՛: Իհարկե՛: Իհարկե՛:

Ձնագնդիկի սբզբունք. նաև Գիսոն ու Ցլատկոն, Հայլեն, Բաղեշրեն, Մանոն ու Թիյսը, Ագնետան, Էյլույլն ու Զառան, Ժոզեն, Ջոնը Գյորգին ու Ջիովաննին, Լինգը, Ռուին, Ջինգիսը, Մալայկան, Վայինյոն, Քսաբին, Յաալան, Հրաֆինհիլդուրը, Բինդանգը, Ոդիսևսն ու Վալույոն, Նաիրան, Մովան, Էռնեստոն ու Յանկոն, Ժանետան ու Յասմինը, Կարամբան, Պատրիկը, Ռետոն, Նանուքը, Նգունուն, Սվենը, Զախառը, Նարումոլը, Հոան, Գաբիյան, Ռադուն, Տենցին ու Սու-Յունգը ուզում են Աննային միանալ:

Բարի՛ գալուստ:

 

 

Տասնմեկերորդ

 

Կարդացե՞լ ես, թե մեր հրոսակախմբի նոր անդամները ինչ գաղափարներ ունեն, - հարցրեց Ռոբինը, - թե ինչ պիտի անենք:

Իհարկե՛, - ասաց Աննան: - Տեսնե՛նք՝ ինչ կարող ենք անել:

Առաջարկվում էր հարուստները բոլոր երեխաներին, որոնք առանց նախաճաշելու են դպրոց գնում, ճաշի հրավիրեն, որը բաղկացած կլինի առնվազն երեք կերակրից՝ ապուր որպես նախուտես, հիմնական ուտեստ, աղանդեր: Իսկու՛յն:

Կամ՝ բոլոր երեխաները այնքան ժամանակ գործադուլ կանեն, մինչ աշխարհով մեկ կներմուծվի հարուստների հարկ, այո՛, բոլոր երեխաները կրկին միայն տնային աշխատանքները կկատարեն, կրկին դասարանական աշխատանքներ կգրեն և դասի ժամանակ ձեռք կբարձրացնեն, մինչ այն բոլոր մարդիկ, ովքեր ոչ թե աշխատանքով, այլ փողով են փող վաստակում, իրենց շահույթի կեսը բաժանեն, ու վե՛րջ:

Կամ՝ բոլոր մարդիկ պարզապես փող ստանան նրա համար, որ իրենք մարդ են՝ լինեն երիտասարդ թե ծեր, կին թե տղամարդ, գեր թե նիհար, դեղնամորթ, թխամորթ, սպիտակամորթ թե սևամորթ, աղքատ թե հարուստ, ամեն ամիս ամեն երկրում հավասար չափով գումար բոլորի համար, և հենց այնքան, որ այլևս ոչ ոք չքաղցի կամ ծարավից չպապակվի, որ յուրաքանչյուրը կարողանա ապրել, դպրոց գնալ և ապա լավ աշխատանք գտնել ազնիվ աշխատավարձով իր ցանկությունները իրականացնելու համար, այո՛, այն բոլոր ցանկությունները, որ նա ունի, և դա անի այնտեղ, որտեղ նա իրեն տանն է զգում, այո՛, որտեղ նա տանն է: Չէ՞ որ աշխարհի ողջ հարստությունը կբավականացնի բոլոր մարդկանց համար, ամենուր, լա՞վ:

 

 

Տասներկուերորդ

 

Խնդրում եմ լինե՛լ շատ սիրալիր:

Ռոբինը իր ողջ կանաչ իրերով բանկի շենքի դիմաց կանգնած Աննային այս ու այն կողմ էր ուղղորդում:

Եվս մեկ քայլ դեպի առաջ: Այո՛, և ևս մեկը դեպի կենտրոն, այդպես լա՛վ է, շա՛տ լավ է:

Ապա Ռոբինն իր բեյսբոլի կանաչ գլխարկն էլ դրեց Աննայի գլխին ու շը՛խկ, շը՛խկ ևս մեկ շը՛խկ, նա կրկին ու կրկին նկարում էր աղջկան:

Եվ ամենագեղեցիկ լուսանկարը նա անմիջապես տեղադրեց համացանցում՝ «Լավագու՛յն ողջյուններ Աննա Հուդից» գրառությամբ:

Տանը Աննան դրան ավելացրեց. «Շուտով հունիսի մեկն է՝ երեխաների օրը: Այս պահից ի վեր մեր օրը պիտի՛ կոչվի Ռոբին Հուդի օր: Մենք բոլորս կանաչ կհանգնենք (ամենքն էլ հաստատ մի տեղ մի կանաչ բան կունենան՝ մի կանաչ գուլպա կամ մի կանաչ ժապավեն կամ մի կանաչ մատիտ կամ արմավենու ճյուղ կամ պարզապես խոտից պատրաստված սաղավարտ): Այսպիսով՝ Ռոբին Հուդի օրը մենք կանաչ հագած գնում ենք այնտեղ, որտեղ գումար կա՝ դեպի բանկեր կամ հարուստների տներ, այնպե՛ս, ինչպես որ Հելոուինի ժամանակ համարձակվում ենք ամենուր գնալ: Սակայն մենք պահանջելու ենք ո՛չ թե քաղցր կամ թթու ինչ-որ բան, ո՛չ, ո՛չ մի ողորմություն, այլ արդարություն: Այո՛, բոլորի համար: Եվ ով մեզ վրա ծիծաղի կամ մեզ վռնդի, կլուսանկարվի ու կտեղադրվի համացանցում, ու հաջորդ Ռոբին Հուդի օրվա ընթացքում ավելի շատ կանաչ երեխաներ արդարություն կպահանջեն, շատ ավելի շատ, դրա հաջորդին՝ ավելին ու դրա հաջորդին՝ էլ ավելին: Ձնագնդիկի սկզբու՛նք»:

Ռոբինին Աննան հարցրեց, թե արդյոք նա կկարողանա ինչ-որ բան հավելել:

Իհարկե՛:

Այսպիսով՝ նա գրեց. «Մի՛ մոռացեք՝ մենք մեծանում ենք, ու մենք ենք ղեկավարելու աշխարհը»:

Մեծ արագությամբ բոլոր երկրներից երեխաներ հետևյալ կերպ արձագանքեցին դրան. «Այո՛, այո՛, այո՛, մենք ձեզ հետ ենք»:

Ոմանք ուզում էին դեռ մի բան իմանալ, մյուսները՝ մի այլ բան, ինչպես օրինակ՝ նաև կանաչ ակնոցնե՞րն են թույլատրելի, ցուցապաստառները կարելի՞ է նկարել կամ տեսագրել:

Այո՛, այո՛, այո՛:

Իսկ հունիսի մեկին՝ Ռոբին Հուդի օրը, Աննա գրեց միայն. «Սկսե՛ք»:

 

Übersetzung: Astghik Tarloyan / Թարգմանություն, Աստղիկ Թալլոյան

 

 



[1] Գերմանիայի կրթական համակարգում 1-ը գերազանց գնահատակն է (թարգմ.):